9,49 €
History of the Conversion of Armenia sets out in details the events, mainly related to the conversion of Armenia to Christianity in the early fourth century. There are nearly twenty versions of the
History in 9 medieval languages – Armenian, Greek, Assyrian, Arabic, Latin, Ethiopian, Georgian, Coptic, and Old Slavonic.
Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը» հինգերորդ դարի ոսկեդարյան մատենագրության դասական երկերից է, որը դեռ միջնադարում համաշխարհային տարածում է ունեցել։ Մինչ օրս հայտնի են մոտ երկու տասնյակ խմբագրություններ միջնադարի 9 լեզուներով՝ հայերեն, հունարեն, ասորերեն, արաբերեն, լատիներեն, եթովպերեն, վրացերեն, ղպտերեն (պատառիկ) և սլավոնական տարբերակներ։
Das E-Book können Sie in Legimi-Apps oder einer beliebigen App lesen, die das folgende Format unterstützen:
Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը» հինգերորդ դարի ոսկեդարյան մատենագրության դասական երկերից է, որը դեռ միջնադարում համաշխարհային տարածում է ունեցել: Մինչև օրս հայտնի են մոտ երկու տասնյակ խմբագրություններ միջնադարի 9 լեզուներով՝ հայերեն, հունարեն, ասորերեն, արաբերեն, լատիներեն, եթովպերեն, վրացերեն, ղպտերեն (պատառիկ) և սլավոնական տարբերակներ:
Ագաթանգեղոսի որմնաքանդակը Մոսկվայի առաջնորդանիստի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու պատին
Նվաստ քահանայիս համար չափազանց մեծ պատիվ է գրախոսական գրել Հայոց դարձի բուն պատմիչ Ագաթանգեղոսի մատյանի վերահրատարակման համար: Ես` տասնյոթ տարվա քահանաս, լինելով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ծառա` հոգևոր հովիվ, բնականորեն շատ մանրակրկիտ և տարբեր աղբյուրներից կարդացել եմ և ուսումնասիրել Հայոց սուրբ Լուսավորչի վարքը, և այդ ուսումնասիրման գործում անգնահատելի մեծ է Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն» պատմական աշխատության դերը: Հեղինակը, լինելով ականատես այդ դեպքերին, չափազանց մանրակրկիտ նկարագրում է Աստվածային շնորհի առաջնորդությունը Հայոց ազգին, մեր պապերի ուխտն ու դաշինքը Արարչի հետ, և աշխարհում առաջին քրիստոնյա պետության կազմակերպումը: Աստված չի փոփոխվում. Քրիստոս նույնն է երեկ, այսօր և հավիտյան, ուստի աստվածային հրամանները նույնն են թե՛ չորրորդ դարում, թե՛ քսանմեկերորդ դարում և նույնը կմնան մինչև Երկրորդ Գալուստ:
Մեր պետականության գոյության չափազանց վտանգված այս օրերին օդուջրի պես անհրաժեշտ է Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» այս մատյանի վերահրատարակումը, այն գաղափարական և հոգևոր առաջնորդություն է Հայոց ազգի համար. պե՛տք է կարդալ և Աստծո հրամաններն իրագործել: Եթե խոտորված մնանք և չուզենանք վերադառնալ աստվածային շնորհին, ապա որպես համը կորցրած՝ աղ ոչ մի բանի պիտանի չենք լինի: Այս պատմական մատյանը փաստում է, որ Ճշմարտության ճանապարհի առաջամարտիկն է Հայոց ազգը` որպես աշխարհում առաջին քրիստոնյա երկիր: Եվ սա պատահական չէ, քանի որ Հոգեգալստյան օրը առաքյալները բազում լեզուներով խոսեցին, և «Գործք Առաքելոցում» նկարագրված տասնվեց լեզուների ցանկը բացվում է պարթևերենով: Պարթև ազգից Լուսավորիչը առաջին ազգի առաջին լուսավորիչն է ամբողջ աշխարհում` Աստծո նախախնամությամբ:
Մատյանում չափազանց մանրակրկիտ ներկայացված են Հայոց ազգի դարձի պատմության բոլոր դրվագները, որոնք ընթերցողին հոգևոր սնունդ են մատակարարում` զորացնելով հավատքը, հույսը և սերը մարդու սրտում: Այսօր ևս օրինաչափությունը նույնն է` հավատքի կյանքով ապրող հայ քրիստոնյան պետք է պատրաստ լինի կրելու և հաղթահարելու ցանկացած փորձություն, ծառայելու Աստծուն ինչպես նեղությունների մեջ, այնպես և հաջողությունների ընթացքում: Աչքի առաջ իբրև օրինակ պետք է ունենա սուրբ Գրիգոր Լուսավորչի անտանելի չարչարանքները և աննախադեպ հաղթանակներն ու աստվածածառայության մեջ անգերազանցելի վաստակը: Հայոց պատմության վրա սուրբ Գրիգոր Լուսավորչի ազդեցությունը դժվար է գերագնահատել, քանի որ արժանին գնահատանքի սահմանին արդեն դժվար է մոտենալ: Խոսքերը, որոնցով փորձում ենք ներկայացնել սուրբ Գրիգոր Լուսավորչի վաստակը Հայոց ազգի համար, միշտ սակավ են և խեղճ: ԼՈՒՍԱՎՈՐԻՉ. ահա դարավոր և հիմնական գնահատանքը մեր ազգի: Բանաստեղծներից մեկը, ներկայացնելով Հայոց Հավատքի կանթեղի վառ մնալու գաղտնիքը, ասում է. «... որովհետև նրա մեջ յուղի փոխարեն վառվում են Սուրբ Գրիգոր Լուսավորչի արցունքները...»:
Թող մեր հավատքի հայրը` սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Երկնքում բարեխոսի Աստծուն այս մատյանը ընթերցող յուրաքանչյուր մարդու համար, որպեսզի կարդացողը ստույգ ըմբռնի աստվածային հրաշքների և շնորհների հեղման առատությունը ու արժանի դառնա հաղորդակցվելու Անմահին և Հավիտենականին: Ամեն:
Օրհնությամբ՝ տ.Ղազար քահանա Պետրոսյան
1983 թվականի հարատարակության ծանոթագրությունների նոթագրություն
Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը»1 հինգերորդ դարի ոսկեդարյան մատենագրության դասական երկերից է, որը դեռ միջնադարում համաշխարհային տարածում է ունեցել: Մինչև օրս հայտնի են մոտ երկու տասնյակ խմբագրություններ (որոնցից մեկը և հիմնականը ներկա թարգմանության գրաբար բնագիրն է) միջնադարի 9 լեզուներով՝ հայերեն, հունարեն, ասորերեն, արաբերեն, լատիներեն, եթովպերեն, վրացերեն, ղպտերեն (պատառիկ) և սլավոնական տարբերակներ:
Հնագույն պատմիչը, որն ակնարկում է նրա գոյության մասին, Փավստոս Բուզանդն է: Սակայն առաջինը, որ հստակ խոսում ու նկարագրում է Ագաթանգեղոսի պատմությունը, Ղազար Փարպեցին է, ըստ որի այս մատյանը կոչվել է «Գիրք Գրիգորիսի»: Մովսես Խորենացին ևս քաջ ծանոթ է Ագաթանգեղոսի պատմությանը, ընդ որում տեսել է ոչ միայն այժմ հայտնի խմբագրությունը, այլև այն կորած խմբագրությունը, որի ասորերեն, հունարեն և արաբերեն թարգմանություններն են մեզ հասել: «Գիրք Գրիգորիսի» է կոչում նաև Սեբեոսը:
Այս մատյանը հիշված է նաև բոլոր հետագա հայ պատմիչների կողմից, միայն այլևս մոռացվել էր «Գիրք Գրիգորիսի» անունը և կոչվում էր «Պատմութիւն Ագաթանգեղոսի»:
Ագաթանգեղոսի պատմության գիտական ուսումնասիրությունը սկիզբ առավ դեռ ԺԸ դարում, երբ Հ. Ստիլտինգը լույս ընծայեց նրա հունարեն թարգմանության բնագիրը և լատիներեն համառոտ թարգմանությունը՝ լատին «Վարք սրբոց» մատենաշարում (Acta Sanctorum. Septembris, VIII, (Antverpiae, 1762), pp. 320-402: Ագաթանգեղոսի հայերեն բնագրի առաջին՝ խնամքով կատարված հրատարակությունը Վենետիկում (1835), ինչպես նաև հայագիտության զարգացումը խթան հանդիսացան այս երկի մասին բազում ուսումնասիրությունների ի հայտ գալուն (Հ. Անասյան, Հայկական մատենագիտություն, Ա (Երևան, 1959), էջ 151-213): Ագաթանգեղոսը ֆրանսերեն թարգմանող հայագետ Վ. Լանգլուան (V. Langlois, Collection des historiens anciens et mօdernes de l’Arménie, I (Paris, 1867)) այն կարծիքը հայտնեց, որ հեղինակը չէր կարող Դ դարում ապրած լինել, ոչ էլ աշխարհիկ էր, այլ՝ Ե դարի եկեղեցական: Լուրջ քայլ էր Ա. Ֆոն Գուտշմիդի «Ագաթանգեղոս» աշխատության լույս ընծայումը (A. V. Gutschmid, ‘‘Agathangelos’’, Zeit. d. Deutsch. Morg. Ges., BD XXXI, 1877, S. 1-60): Նա հայերեն Ագաթանգեղոսը համարում է բնագիր, իսկ հունարենը՝ թարգմանություն: Նրա համար պարզ է, որ հեղինակը Ե դարի եկեղեցական է: Հունարեն Ագաթանգեղոսի, ինչպես նաև Ժ դարում կատարված մետափրաստյան խմբագրության հրատարակությունը Պ. դը Լագարդի ձեռքով կարևոր քայլ էր այս հարցի ուսումնասիրման համար (Agathangelus und die Akten Gregors von Armenien, neu herausgegeben von Paul de Lagarde, (Cöttingen, 1887)): Ագաթանգեղագիտության անցած ուղին ամփոփեց Բ. Սարգսյանը իր ծավալուն մենագրությամբ (Բ. Սարգսեան, Ագաթանգեղոս եւ իւր բազմադարեան գաղտնիքն (Վենետիկ, 1890)):
Հ. Տաշյանի համաձայն՝ Ը դարում գրված Գեորգ Ասորու թղթի և Ագաթանգեղոսի միջև բնագրային տարբերություններ կան: Նա համոզված է, որ Ագաթանգեղոսի խմբագիրն է Կորյունից քաղել, և ոչ՝ ընդհակառակը: Այս խմբագիրը բանաքաղություններ է կատարել նաև այլ աղբյուրներից (Հ. Տաշեան, Ագաթանգեղոս առ Գէորգայ ասորի եպիսկոպոսին (Վիեննա, 1891), էջ 86: Գ. Տեր-Մկրտչյանը կարծում է, որ Կորյունն է Ագաթանգեղոսի պատմության խմբագրողը (Գ. Տեր-Մկրտչյան, Ագաթանգեղոսի աղբյուրներից (Վաղարշապատ, 1896)), իսկ ըստ Ն. Բյուզանդացու՝ Դ դարում հունարեն գրված Ագաթանգեղոսի մատյանը Ե դարում Կորյունը հայերեն է թարգմանել (Ն. Բիւզանդացի, Կորիւն վարդապետ և նորին թարգմանութիւնք (Տփղիս, 1900), էջ 14):
Այսպիսով՝ հինգերորդ դարի կեսերին չորրորդ դարից գոյություն ունեցող պատմական, վիպական ու վկայաբանական աղբյուրներից հայ եկեղեցականի ձեռքով խմբագրվել է «Գրիգորիսի գիրքը» (Ագաթանգեղոսի պատմությունը), որը տեսել ու նկարագրել են Ղազար Փարպեցին և ուրիշներ: Հեղինակը (խմբագրողը) եղել է Մեսրոպ Մաշտոցի աշակերտների շրջանակից:
Ագաթանգեղոսի պատմության տարածման հարցում վճռական նշանակություն է ունեցել նրա՝ հունարեն թարգմանվելը, քանի որ հանրահայտ է, թե հունարենից են առաջացել այլալեզու գրեթե բոլոր խմբագրությունները: Վերջերս Գ. Լաֆոնտենը բազում ձեռագրերի համեմատությամբ հրատարակեց հունարեն տարբերակի քննական բնագիր (La version grecque ancienne du livre arménien d’Agathange, edition critique par G. Lafontaine (Louvain-la neuve, 1973)):
Տասներորդ դարում, երբ Ագաթանգեղոսի հունարեն տարբերակի հայտնի «Առաջաբանը»՝ Արտաշիրի ապստամբության հատվածը, արդեն կցված էր նրա սկզբին, Սիմեոն Մետափրաստեսն ամփոփեց այս բոլորը և մտցրեց իր կազմած հունարեն «Վարք սրբոցի» մեջ: Ագաթանգեղոսի հունարեն տարբերակը և նրա մետափրաստյան համառոտ խմբագրությունը տարածվել են միջնադարյան քրիստոնյա աշխարհում: Ագաթանգեղոսի հունարեն տարբերակից է թարգմանված լատիներեն համառոտ խմբագրությունը, ինչպես նաև վերջերս հայտնաբերված հունարեն համառոտ վարքը (G. Lafontaine, ‘‘Une Vie grecque abrégée de St. Grégoire l’Illuminateur’’, Le Muséon, LXXXVI, 1-2, 1973): Մետափրաստյան խմբագրությունն ունեցել է վրացերեն, իտալերեն (ԺԷ դ) և սլավոնական թարգմանություններ: Կա նաև մի վրացական պատառիկ, որն ուղղակի հայերեն տարբերակից է թարգմանված: Ժ. Գարիտը հայտնաբերեց, որ պահպանվել է նաև Ագաթանգեղոսի կազմում գտնվող «Վարդապետության» համառոտ վրացերեն թարգմանությունը, որը հայտնի է եղել «Վասն հավատո» անվամբ և մինչև այդ վերագրվել է Հիպողիտեսին (G. Garitte, ‘‘Le traité géorgien “Sur la foi” attribué à Hippolyte’’, Le Muséon, t. 78, 1-2 (1965), pp. 119-172):
Սակայն Ագաթանգեղոսի հունարեն տարբերակն ամենից ավելի արաբերեն թարգմանություններ է ունեցել, որոնցից է նրա ամբողջական թարգմանությունը (Ա. Տեր-Ղևոնդյան, Ագաթանգեղոսի արաբական նոր խմբագրությունը (Երևան, 1968)): Ըստ Ժ. Գարիտի` ղպտերեն միջանկյալ օրինակից է թարգմանված Գրիգոր Լուսավորչի արաբերեն համառոտ վարքը (G. Garitte, ‘‘Une Vie arabe de St. Grégoire d’ Arménie’’, Le Muséon, LXV, 1-2, 1952):
Մեր դարի սկզբին Հ. Է. Պերեյրան Լիսաբոնում լույս ընծայեց Գրիգոր Լուսավորչի եթովպերեն համառոտ պատմությունը (Vida de S. Gregorio, patriarca da Armenia, publ. por F. M. E. Pareira (Lisboa, 1903)):
Վերոհիշյալ բոլոր խմբագրությունները, որոնք անմիջականորեն վերաբերում են Ագաթանգեղոսի պատմության՝ մեզ հասած հայերեն բնագրին, խմբագրությունների մի խումբ են կազմում:
Սակայն կա խմբագրությունների մի այլ խումբ, որի հայերեն բնագիրը դեռ չի հայտնաբերված, բայց ձեռքի տակ ունենք ասորերեն, հունարեն և արաբերեն հինգ թարգմանություններ (խմբագրություններ): Բանասիրության մեջ սրանք, ընդհանուր առմամբ, պայմանականորեն Վարք են կոչվում:
Ագաթանգեղագիտության մեջ արմատական հեղաշրջում էր 1902 թվականին Ն. Մառի ձեռքով արաբերեն խմբագրության պակասավոր գրչագրի հայտնաբերումը Սինայի Կ. Կատարինե վանքում: Այս խմբագրության ամբողջական ձեռագիրը շատ ուշ գտնվեց, ու հրատարակվեց պակասող բաժինը (Ա. Տեր-Ղևոնդյան, «Ագաթանգեղոսի արաբական խմբագրության նորահայտ ամբողջական ձեռագիրը», Պատմաբանասիրական հանդես, 1, 1973): Մառի հայտնաբերած ձեռագրի ուսումնասիրությամբ պարզվեց, որ մեզ հասած հայերեն տեքստը միակ հայալեզու բնագիրը չէ, որը գոյություն է ունեցել վաղ միջնադարում Հայոց դարձի շուրջ: Ն. Մառը իրավացիորեն ենթադրեց, որ իր հայտնաբերած արաբերեն խմբագրությունը պետք է թարգմանված լիներ հունարենից, որն իր հերթին պիտի ունենար հայերեն բնագիր մայր օրինակ (Марр, стр. 162-163):
Ն. Մառի ենթադրությունը հաստատվեց, երբ Ժ. Գարիտը հրատարակեց Էսքուրիալում (Իսպանիա) հայտնաբերած հունարեն նոր խմբագրությունը: Արաբերենն իր որոշ մասերում այս հունարենի թարգմանությունն էր: Ըստ Ժ. Գարիտի՝ հունարենը հայերեն բնագրից պետք է թարգմանված լինի (G. Garitte, Documents pour l’étude du livre d’Agathange (Vatican, 1964)):
1961-ին Օքրիդայում (Մակեդոնիա, Հարավսլավիա) հայտնաբերվեց Ագաթանգեղոսի մի նոր հունարեն խմբագրություն, որն իր շարադրանքով հարում է Ագաթանգեղոսի «Վարք» կոչված խմբագրությունների դասին (‘‘La Vie grecque Inédite de St. Grégoire d’Arménie’’, Anal. Boll. 83, f. 3-4, 1965):
Մի նոր հայտնագործություն էր վերջերս լույս տեսած ասորատառ արաբերեն (քարշունի) «Վարքը», որը հրատարակել է Մ. Վան Էսբրուքը (M. van Esbroeck, Un nouveau témoin du livre d’Agathange, REA, VIII (Paris, 1971) pp. 13-167): Ուսումնասիրելով այս բնագիրը՝ նա եզրակացնում է, որ նրա ասորերեն նախատիպը (ծրագրում նշված է, որ թարգմանված է 1178 թվակիր ասորերեն գրչագրից) պետք է հայերենից թարգմանված լիներ: Ասորերեն նախատիպն իրոք հայտնաբերվեց ու հրատարակվեց (M. van Esbroeck, Le résumé syriaque de l’Agathange. Analecta Bollandiana, 95, f. 3-4, 1977):
Նկատի ունենալով Ագաթանգեղոսի նորահայտ բազմալեզու խմբագրությունների տվյալները՝ այժմ կարելի է հետևյալ եզրակացությանը հանգել: Հինգերորդ դարի առաջին կեսին կազմվել է մի խմբագրություն, որի հայերենը դեռ հայտնի չէ, բայց կան նրանից ծագող ասորերեն, հունարեն և արաբերեն խմբագրություններ, որոնք Վարք են կոչվում: Այս հայերեն բնագիրը, ըստ երևույթին, դարերի ընթացքում մոռացության է տրվել: Հինգերորդ դարի կեսերին կազմավորվել է մեզ հայտնի խմբագրությունը, որը կանոնական է համարվել Հայ Եկեղեցու կողմից և ամբողջ միջնադարում օգտագործվել որպես նվիրական սրբազան մատյան:
Ագաթանգեղոսի առաջին հրատարակությունը լույս է տեսել Կոնստանդնուպոլսում 1709-ին: Վենետիկի 1835-ի հրատարակությունը կատարվել է մի քանի ձեռագրերի հեմամետությամբ: Քննական համարված բնագիրը լույս տեսավ 1909-ին պատրաստված Գ. Տեր-Մկրտչյանի և Ս. Կանայանցի կողմից:
Անցյալ դարում Ագաթանգեղոսը թարգմանվել է իտալերեն (Storia di Agatangelo. Versione italiana (Venezia: S. Lazzaro, 1843)), ֆրանսերեն, շվեդերեն և անգլերեն (S. C. Malan, The Life and Times of S. Gregory the Illuminator (London, 1868)): Վերջերս անգլերեն են թարգմանվել «Վարդապետությունը» (The Teaching of Saint Gregory. An Early Armenian Cathechism, tr. By R. Thomson (Cambridge, Massachusetts, 1970)) և «Պատմությունը» (Agathangelos, History of the Armenians, trans. and comment. by R. Thomson (Albany (New York), 1976)՝ Ռ. Թոմսոնի ձեռքով:
Ներկա աշխարհաբար թարգմանությունն առաջին անգամ լույս է տեսել 1977 թվականին («Սովետական գրող» հրատարակչություն, խմբագիրներ՝ Ա. Աբրահամյան, Վ. Առաքելյան), ընդգրկելով միայն բուն պատմությունը, իսկ «Վարդապետության» թարգմանությունը լույս է տեսել «Էջմիածին» ամսագրում (1978, Դ, Զ, Է, 1979, Բ, Ե, Զ)2:
ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ
1 Նավարկողների բուռն և բաղձալի իղձն է խաղաղությամբ հասնել նավահանգիստ։ Ահա թե ինչո՛ւ ընչաքաղց և օգտածարավ մարդիկ ընդոստ ալիքների վրա և մրրկածին օդին ընդդեմ մարտի են պատրաստվում. նրանց ի մի հավաքված բազմությունը միացյալ ուժերով թիավարում է փայտաշեն և երկաթե բևեռներով ամրացված սրընթաց նավերը. քաջալերելով միմյանց, սրտերը լի կասկածով ու երկյուղով, ձիարձակ արշավում են կապույտ դաշտում, անքայլ երթով և չընթացող ոտքերով թռչում են ծովի կուտակադեզ ալիքների ու ջրերի հորձանքների վրա։ Ուր բարկացայտ ալիքները կուտակվում են լեռնաձև, խոնարհվում ելևէջներով, ըստ քանքարավոր քնարահար Դավթի երգի՝ «Ելնում են՝ լեռնանում, և իջնում են՝ դաշտանում»։ Ապա ծփանքներից ազատվելով՝ յուրաքանչյուրն շտապում է իր գավառը։ Մերձավոր սիրելիներին պատմում են այս զրույցը՝ ճանապարհին պատահած տաժանակիր անցքերը, անհանգիստ ալիքների հոսանքի վրա փոփոխական ելևէջները, թե ինչպես շահութաբեր օգտի համար վտանգի ենթարկվելով և մահվան դեմ մաքառելով՝ իրենց անձերը գրավ են դնում ի սեր բարեհաջող վաճառականության։ Քանզի թեպետ տեսնում են հողմակոծ տատանվող ալիքների ահեղ սաստկությունը, որոնք ըստ ծփանքի ուժգնության երփներանգ գույներ են ստանում, փոփոխական կարգով ու փրփրադեզ հաջորդում են իրար, ավազով շրջագծված ափը դիմելով՝ [նավարկողները] հրճվում են, որ ցամաք են հասել։
2 Իսկ նրանք, որ ընդերքից խոխոջացող խոր անդունդի դիմաց ահաբեկված օրհասական վախճան են կանխատեսում, թեպետև տեսնում են, որ շարժվում են ահարկու, սարսափելի, բազմածուփ ջրերի վրա, այնուամենայնիվ, հիշելով իրենց հաջողությունը, ջանում են դիմագրավել ծովի ահավոր ալեկոծությունը, որպեսզի թերևս հարստությամբ վերադառնալով՝ յուրաքանչյուրը խնդությամբ իր ընտանիքին ցույց տա ձեռք բերածը, իսկ դրացիներին՝ պարծանքի արժանի վաստակը։ Կամենում են, ուր հարկն է, իրենց վրայից թոթափել աղքատ անունը և իրենց տառապյալ մերձավորներին ազատել գրավով հարկ պահանջող իշխանների բռնությունից, իրենց բերած շահույթից վճարում են նրանց պարտքերը, որպեսզի թագավորների հարկատվության լծից ազատվելով՝ թեթևանան։ Այսպիսով նրանք բարություն են անում ընկերներին, պատվավոր ու հարգալի անուն վաստակում թշնամիների մոտ և ուրախություն պատճառում իրենց սիրողներին։
3 Սրա համար դաժան պայքարով մարտնչում են բարձրացող ջրեղեն լեռների ու իջնող ծովային ձորերի մեջ, ջանում են իրենց անձերի փրկության միջոց գտնել, որպեսզի ազատվելով խռովահույզ ծանր բքախառն փոթորիկների պտույտներից՝ կարողանան հասնել խաղաղ նավահանգիստ։ Քանզի արդարև շատ են այնպիսիները, որոնք ոչ թե ագահությունից են մահվան [վտանգի] ենթարկում իրենց, այլ աղքատության, կարիքի և հետին տնանկության պատճառով չեն տատանվում վտանգի առջև, շտապում են իրենց պարտականությունը կատարել, թերևս կարողանան գլուխները փրկել և պարտքերից իրենց ազատել։ Պարտքերի տակ ընկած լինելով՝ երազում են, որ թերևս կարողանան երկպատիկ օգուտ քաղելու ելքը գտնել՝ միաժամանակ գոհացնելով պարտապաններին, իսկ իրենց համար էլ առավելագույն շահ ապահովել:
4 Քանզի շատը նրանք են, որ այսպիսի սարսափելի աղետների դեպքում հոժարում են չարչարանքներով վաճառականական գործի մեջ մտնել։ Շատերն էլ կան, որոնք իրենց հարստությունը երկրի օգտին են գործածում, թագավորներին զարդարում են ծանրագին մարգարիտներով, զանազան պատվական քարերով և երփներանգ գունագեղ կերպասներով։ Նաև բարձրացնում են աղքատներին՝ փոքր-ինչ հարգանքի արժանացնելով, և երկիրը զարդարում են նոր ու չքնաղ բարիքներով։ Նրանք բավարարում են կարիքները՝ մեծամեծ օգուտներ տալով, կարիքավոր մարդկանց պետքերն են հոգում, շատերին սնում են։ Նրանք բժիշկների տները լցնում են տեսակ-տեսակ անուշահոտ խնկերով, օգտակար դեղերով, բժշկական տենչալի օգտակար արմատներ բերելով, կարիքավորներին գոհացնում են։ Քաղաքների զարդ են նրանք և գավառների հպարտություն, երկար ճանապարհների չափարարներ են, աշխարհի ճամփորդներ և օտարություն ճաշակողներ։ Նրանք ամենքին խնդացնում են և շատերին ուժ տալիս, իսկ աշխարհին՝ կարողություն, մերկերին հագցնում են, քաղցածներին հագեցնում, ծարավներին արբեցնում են և հարուստների համար գանձեր հավաքում։
5 Թեպետև նրանք բռնությամբ են հարկի տակ ընկած, սակայն սովոր են վշտին դիմանալով իրենց անձերը փրկել և այլոց ևս օգտակար կարող են լինել։ Այնուհետև հենց նույն սովորական իմաստությունը հաճելի դարձավ նրանց համար։ Երթևեկողները սովորաբար ճանապարհորդելով և վաճառականությամբ շրջելով, փոքր գործեր անելով՝ հազարապատիկ ու բյուրապատիկ են դարձնում: Ահա թե ինչու խոյանալով համատարած ծովի հուզված բազմաթիվ ալիքների մեջ՝ գրոհում են ոչ թե իրենց կամքով, այլ փչող քամու (վարգիչ օդի) հոսանքով, բռնի քշվելով լայնատարած հորձանքի վրա տարուբերվում են օգուտ գտնելու համար. իրենց անձերը մահու և կենաց մեջ են դնում, անձամբ խորքերի [վտանգներին] են մատնվում, ընտրություն են կատարում մահու և կենաց միջև, և երկուսից մեկն է նրանց բաժին ընկնում։
6 Նույն այս ձևով տեսնում ենք, որ նման մի հարկադրանք մեզ էլ հասնելով՝ առավել ստիպում է նավարկել իմաստության ծովի վրա, քանզի մարդկանցից ոչ ոք չի կարող ամենևին հանձն առնել նման քրտնաջան աշխատանք, եթե հասած իշխանական հրամանը ստիպելով այս բանը շուտափույթ անել չտա։ Եվ ո՞վ կարող է խրոխտանալ ծովի անդունդի խորքերը քննելու, այլ [մարդիկ] պարզապես երկար ճանապարհորդությունների մեջ վաճառքի անձնական շահն են միայն կամենում ձեռք բերել։ Սույն օրինակով և մենք ոչ թե հանդգնությամբ, երեխայաբար և անմտորեն առաջ նետվեցինք, այլ, ակամա ընթանալով, ըստ հարկադրող իշխանների բռնի հրամանների, նավարկեցինք պատմության մատյանների այս ծովի վրա։
7 Քանզի թագավորական հրամանը հարկ դրեց մեր մտավոր աղքատ գանձարանի վրա՝ պահանջելով մեզանից՝ անցած դեպքերի նկարագրությունը տալ և մատենագրել մեզանում կատարված հայտնի պատմությունները։ Սակայն չափազանց ջանք ենք թափել մեր հետնորդներին թողնելու դեպքերի շարքի դար առ դար հիշատակումը։ Ոչ թե մեր կամքով հոժարեցինք, հանձն առանք այն գործը կատարել, այլ, չկարողանալով ընդդիմանալ արքայատուր հրամաններին, պատմելու ենք ըստ [այդ] հրամանների, որչափ մեր ուժն է ներում։ Հանձն առնելով այդ աշխատանքը՝ սկսենք խոսքի վաճառականությունը, երկյուղածությամբ տանք պատմության գեղեցիկ շարադրանքը։ Ուստի կատարված դեպքերը և մահկանացուների մատենագրությունը քննելով, մանրակրկիտ զննելով` մեկ առ մեկ, ըստ պատմության կարգի, օրենքի, ժամանակի և մեր ստացած հրամանների շարադրենք։
8 Իսկ հոգևոր արժեքների վեհությունը, որ աստվածասերների համար մեծություն է, նման է թանկագին մարգարիտի, նուրբ բոլորակաձև, լուսավոր, հազվագյուտ, որը չունի բիծ կամ արատ իր ճաճանչավոր փայլի մեջ, այլ առատորեն զարդարում է թագավորների վայելուչ թագերը և կամ Հնդկաց աշխարհից բերված թանկագին քարերի [նման], որոնք վայելուչ զարդով, խույրով ու պսակով զարդարում են թագավորին։ Իսկ այս բոլորը ինչպե՞ս կարող է ուրիշ մեկի կողմից հեշտորեն գտնվել, եթե ոչ երկայն ուղիներ անցնող վաճառականների, որոնք, մեծ չարչարանքով երկար ճանապարհներին բավականաչափ պաշար օգտագործելով, մեծ ջանքերով գտնում են դրանք և զարդարում թագավորներին։ Իսկ սրանց լույսի ճաճանչը, որ մենք վաճառքի ենք հանում, ոչ միայն թագավորի գլուխն է զարդարում, ի տես այլոց, այլև ամենքին է զարդարում, լուսավորում, ճոխացնում, ամենքին է գոհացնում, մխիթարում, բժշկում, թագավորներին շքեղացնում է փողփողուն վերջավորությամբ արտախույր պսակի նման, աղքատներին ճոխացնում է, թոթափում, բարձրացնում աղբակույտից և հավասարեցնում իշխաններին, ինչպես նաև երկրները լցնում է օրհնությամբ, իսկ տարին բոլոր՝ քաղցրությամբ։
9 Սրանք նաև կարիքներն են բավարարում երկնային առատությամբ, չարչարվածներին հանգիստ են բերում, առատ դարման են տալիս՝ լի ամենայն բարիքներով, նրանք կարող են բժշկություն տալ առանց դեղերի, խունկերի, արմատների, շենություն կարող են շնորհել քաղաքներին իրենց Տիրոջ մարդասիրությամբ, մեծացնել երկիրը իրենց նահատակության աղոթքներով և ցույց տալ երկնային ճանապարհների ելքը՝ առ Աստված բարձրանալու համար։ Ուղեցույց են Աստուծո արքայության ճանապարհների։ Նրանք են, որ իրենց Տիրոջ համար չարչարված մեռան, անմահացան և իրենց անունն ու խիզախության պտուղները աշխարհին թողեցին։ Կյանք են նրանք ու փրկություն նրանց համար, ովքեր մեղքերով են աղքատացած, նրանք երկնավոր արքայի մեծության գանձ են՝ երկրում ծածկված, իրենց հավատքով խնդացնում են և ուրախացնում այնպիսիներին, որոնք Աստծով ճոխացած գանձում են: Նրանք հագցնում են մերկերին և նրանց, որ Ադամի նման մեղքերով մերկացած են, լուսավոր պատմուճաններով զգեստավորում են, հագեցնում են քաղցածներին, որոնք անգիտության մեղքերի պատճառով սովյալ են, ծարավներին արբեցնում են առաքինության բաժակով և երկնային գանձը տալիս են նրանց, ովքեր առավելագույնն ունեն, քանզի «ով որ ունի, կտրվի նրան և կավելացվի»: Նրանք մարդասեր Քրիստոսի գթության դռները բաց են անում ամենքի համար: Հենց սրա համար էլ սիրեցին իրենց Տիրոջը ու սիրվեցին Նրանից և բարեխոսությամբ բավարարում են բոլոր կարիքները:
10 Այսպիսի մարգարիտը ոչ միայն հոգիների, այլև մարմինների զարդ ու պայծառություն է։ Նման մարդկանց բարեխոսությամբ է, որ Աստված աշխարհին շենություն է պարգևում, քանզի աստվածային գութը նրանց վրա իջնելով՝ ողորմություն և քավություն է շնորհում աշխարհին: Ահա թե ինչու աշխարհիկ մեղքերի մրրկահույզ ծովի վրա նավարկողներն իրենց վտանգեցին՝ համբերությամբ պատերազմելով ալիքների դեմ, սահեցին [ծովի] խորությունների վրա՝ հասնելու համար երկնային Նավապետի խաղաղության նավահանգիստը: Ազատվելով դաժան բքից և հասնելով քաղաք՝ նրանք պարծանքի պսակ մատուցեցին Լուսավոր Թագավորին՝ պատրաստվելով հավիտենական ուրախության՝ թանկագին մարգարիտով առլեցուն և պսակված հոգևոր լույսի թանկարժեք քարերով: Նրանք իրենց կյանքը վաճառքի հանեցին իրենց տանջանքի մատնողների համար, մեծացան անանց հարստությամբ և աշխարհի շինությունը կանգուն, անվթար ու անշարժ են պահում իրենց հավատքի նավերի վրա:
11 Իսկ այսպիսի վաճառքին արդյոք ո՞վ ի՞նչ գին կարող է տալ. այո՛, այո՛, չափազանց լավ. միայն [պետք է] հոժար կամքով, սիրով լսելիքը տրամադրել, հավատքով սրել ականջները՝ որպես պատգամների ընդունարան, և իսկույն պատվական ծանրագին մարգարիտը, սրտի [բարի] կամքով, զարդ կդառնա՝ որպես ականջից կախված գինդ։ Միայն խոնարհիր գլուխդ, և հոգևոր պսակը անմիջապես կդրվի գլխիդ, ու դա կզարդարի քեզ առավել, քան թանկագին քարերը։ Միայն համաձայնիր արքայական կոչունքին, և այն ժամանակ խորտիկների քաղցր անուշությունը քո քիմքը կպարարի։ Միայն ծարավ եղիր սիրո, և իսկույն Կենդանության Աղբյուրը կհագեցնի քո տոչորուն ծարավի երաշտը։ Միայն մաքրիր քեզ աղտից, և իսկույն անթառամ ու լուսավոր զգեստը կզարդարի քեզ առավել, քան անուշահոտ շուշան ծաղիկը։
12 Արդ՝ ջանք հանձն առնելով մտնել պատմության մատյանների խորության մեջ, խոսքը կուղղեմ նրանց, որ կամենում են իմաստությամբ ունկնդիր լինել օգտակար պատմությանս։ Արդ՝ հրաման է հասել ինձ՝ Ագաթանգեղոսիս, որ մեծ Հռոմ քաղաքից եմ, կրթված հայրենի գիտությամբ, սովորել եմ լատիներենն (հռոմայերեն) ու հունարենը, ուսանել դպրությունը և ոչ խիստ անտեղյակ [մնացել] նշանագրերի արվեստին։ Սրա հետ մեկտեղ եկել եմ Արշակունու արքունիք քաջ և առաքինի, ուժեղ և պատերազմող Տրդատի տարիներին, որը բոլոր նախնիներից կորովի լինելով՝ արիությամբ գերազանցել է նրանց, եղել է ըմբշամարտիկ և պատերազմների մեջ հսկային վայել քաջություններ է գործել։ Մեզ հրամայեց ոչ իր քաջագործությունները սուտ վիպասանել և ոչ էլ արժանիքներից ավելի քմազարդ առասպելները չափազանցել, այլ շարադրել եղած դեպքերը՝ [տալով նկարագրությունը] հարափոփոխ ժամանակների հանգամանքների, մարտամբոխ պատերազմների, սրակոխ կոտորածների բազմահեղ արյան, իրար բախվող անթիվ զորքերի, երկրների [ժողովուրդների] գերության, գավառների ավերածության, քաղաքների կործանման, ավանների ավերման, մարդկային բազմությունը կոտորելու՝ քինախնդիր վրիժառության քաջության համար։
13 Արդ՝ ինձ հրաման է հասել Տրդատ մեծ արքայից՝ կարգով գրի առնել ժամանակների դեպքերը՝ պատմելով նախ քաջ Խոսրովի հայրենական պատերազմների ժամանակ կատարած քաջությունները, տերության մեջ տեղի ունեցած փոփոխությունները, ամեն կողմ ուղղված հարձակումները, ազգերի խռովությունը, քաջ Խոսրովի մահը, թե որտեղից, ինչու կամ ինչպես դա պատահեց, և կամ ինչ անցուդարձ կատարվեց. ազնվահայր Տրդատի քաջության մասին, իր թագավորության ժամանակ արած գործերը։ Եվ Աստուծո սիրելի նահատակների մասին, թե ինչպես կամ ինչու եկան, ծագեցին իբրև լուսատուներ՝ փարատելու համար մեգը մեր Հայաստան աշխարհից, թե ինչպես իրենց անձերը նվիրաբերեցին Աստուծո ճշմարտությանը, կամ ինչպես Աստված գթալով այցելեց մեր Հայոց աշխարհը, մեծամեծ հրաշքներ ցույց տվեց մի մարդու ձեռքով, որը համբերությամբ և հաղթությամբ տարավ բազում ու տեսակ-տեսակ փորձություններ և կաշկանդող վշտի մեջ Արտաշատ քաղաքում մենամարտիկ եղավ երկպատիկ բռնության դեմ, հանուն Քրիստոսի՝ հաջողությամբ դիմացավ և նահատակի անուն ժառանգեց։ Հասավ մինչև մահ և Աստուծո կամքով ետ դառնալով այնտեղից՝ մեր Հայոց երկրում վերակացու դարձավ։ Մտավ մահվան դուռը, ապա Աստուծո կամքով վերադարձավ՝ դառնալով Քրիստոսի վարդապետության պատգամավորը, Աստուծո մարդասիրական հրաշագործ պատժից հետո։ Իսկ երախտավոր Տրդատը, կամովին դժվարին կյանք ընտրելով՝ ամենքին ցանկալի դարձավ, Աստուծո շնորհներով իր բնաշխարհիկ հայրենիքի որդին եղավ և հավիտենական կյանքին մերձավոր դարձավ։
14 Արդ՝ մեր այս գրված օրինակի մեջ ոչ թե հին ավանդություններից տեղեկանալով այս [բոլորը] կարգով մատենագրել ենք, այլ մենք ինքներս ականատես ենք եղել անձնավորություններին և ներկա՝ հոգևոր գործերին և լուսավոր շնորհապատում վարդապետությանը, ավետարանական հրամանների համաձայն, և թե ինչպես լուսավոր վարդապետությունը, Աստուծո շնորհիվ, բոլորից վեր դասվեց։ Այս աստվածակարգ լծին հնազանդեցրեց թագավորը իր ամբողջ [ժողովրդին], մանավանդ ոչ թե նա էր [այդ անում], այլ մեծազոր Քրիստոսի կամքը։ [Կնկարագրենք], թե ինչպես մեհյաններին տիրելով՝ հիմնահատակ կործանեցին և Եկեղեցու սուրբ հիմքերը կանգնեցրին։ Կամ ինչպես իրեն (Գրիգորին) երկրի հովիվ նշանակելով՝ վայելեցին նրա վարդապետությունը։ Թե ինչպես Տրդատը կրկին գնաց Հունաց աշխարհը աստվածասեր Կոստանդիանոսի ժամանակ, որը Հունաց և Հռոմայեցոց երկրի թագավորն էր, ուխտ դրեց նրա հետ հաստատ մնալու աստվածապաշտության մեջ և այնտեղից վերադարձավ մեծ պարգևներով, բազում փառքով և շատ վայրեր Տրդատը նվիրեց Աստուծո [պաշտամունքին]: Այս ամենը մեկ առ մեկ, կարգով կպատմենք, նաև վարդապետությամբ սրբի, որն արժանի եղավ հասնելու եպիսկոպոսական մեծ աթոռին, ժառանգեց հայրապետական անունը և առաքինության մեծ մարտիկը եղավ։ [Կպատմենք], թե որտեղի՛ց էր, որոնցի՛ց, ո՛վ կամ ո՛ր տոհմից էր նա, որ արժանի եղավ աստվածատուր շնորհքով այս բոլորը գործելու։
15 Արդ՝ կհեծնեմ մտքի երիվարը և կանցնեմ հանճարի ասպարեզը, կուղղեմ մտքի նպատակը։ Թափ կտամ բազուկներիս ուժին ու կորովի մատներովս կսեղմեմ գրիչը, լեզվովս կարտահայտեմ մտքերս, և թող իմ շուրթերը կարողանան իմաստուն խոսքեր շշնջալ: Հաստատորեն կարգավորելով կպտտեցնեմ, կդարձնեմ խոսքերի պատմության անիվը, որպեսզի տիրաբար նավեմ ժամանակագրության ծովի ալիքների վրա։ Կպատմեմ այս բաներն ստացող մարդկանց և մեր ժամանակներից հետո եկող ազգերին, որոնք օրհնելու են Տիրոջը, և հայրենի մատյանները պրպտելիս թող այս ամենը պատմվի նրանց և հաղորդվի կարգավորված ծրագիրը։
16 Ընթեռնելով Ավետարանի աստվածապարգև ավետիսները և Կենաց Խոսքը մեր Թորգոմյան ազգին և մեր Հայաստան աշխարհում քարոզելու [գրվածքը], թե ինչպես կամ ինչպիսի մարդու կողմից ընդունվեց այն, և կամ ո՛վ էր նա, որ այս նորոգատուր առաքելական շնորհները իր վրա վերցնելով՝ երևան եկավ այսպիսի աստվածեղեն շնորհքով, [կպատմենք] նրա լուսավոր վարդապետության և հրեշտակակրոն առաքինի վարք ու բարքի, ազնվական համբերության մասին այն շնորհալի մեծազոր նահատակի, որը Քրիստոսի խոստովանողը եղավ և ճշմարտության վկան։ Թե ինչպես դրանից հետո նրա աղոթքներով շենություն ու խաղաղություն, լիություն, պտղաբերություն ու բժշկություն շնորհեց Աստված։ Եվ թե ինչպես նրա աստվածասիրության և Քրիստոսի պարգևած զորության շնորհիվ ընկավ, փշրվեց ունայնության պաշտամունքը, և աստվածապաշտությունը տարածվեց մեր ամբողջ Հայոց երկրում։ Կամ թե ինչպես եկեղեցիներ շինվեցին մեր Հայաստան աշխարհում, և ջնջվեցին սնոտի պաշտամունքները, որոնք նախնիների սովորական մոլորության հետևանքով իզուր ընդունված և մոլորեցուցիչ, կեղծ քարերի ու փայտերի հիմարություններն էին և անզգայության կռապաշտ թմրությունը։ Այս բոլորը անմտություններով արբեցած, մեղքերի շռայլությամբ զարհուրած, դիվահար մրուրով ընթանում էին չար ու ծովացած մեղքերի մեջ։ Իսկ [Ս. Գրիգոր] Քրիստոսի կամքով արդարուսույց քարոզ կարդաց մեր ամբողջ Հայաստան աշխարհին, որ չկապվեն մեղքերի գարշապարին այս ծովանման աշխարհում, այլ հասցնելով աստվածահոր շինության հողմախաղաղ անդորր նավահանգիստը՝ նրանց այնտեղ մշտնջենական կյանքի օթևաններ պատրաստեց։
17 Իսկ ես, անցնելով, սահելով, պտտվելով հորձանախոր, լայնանիստ, հարաճոճ, անդնդապտույտ, սարսռասեր, անհանգիստ, արշավասույր, հողմավար, ջրակուտակ, խռովահույզ և մոլեգնած սրընթաց ալիքների վրա, ձգտել եմ հասնել կղզիներ, քաղաքներ և հեռաբնակ երկրներ՝ գտնելով, լցնելով մեծաբեռ ծանր ապրանքներ, թանկագին ու հարգի իրեր, որպես զարդ և օգուտ, ու եկել ապահով տեղ եմ հասցրել ձեր օգտի համար։ Փութանք բացել մեր վաճառականական խանութների առևտուրը՝ վաճառենք ունկնդիրներին մեր աշխատանքի արդյունքները՝ ստանալով նրանց ունկնդրությունը և տալով մեր այս պատմությունը։ Մանավանդ քո հրամանի համար, ո՛վ քաջ այր՝ Մեծ Հայքի Տրդատ արքա, բերելով մեր առևտրի շահը ի նպաստ երկրի շենացմանը՝ ավելացնենք քո գանձը մեր՝ նավաստիներիս ծովի վաստակով։
ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐԻ ՎԱՐՔԸ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
18 Ա. Երբ Պարթևների թագավորությունն իր վախճանին հասավ, վերացվեց Վաղարշի որդու՝ Արտավանի տերությունը, և նա սպանվեց Սասանի որդի Արտաշիրի ձեռքով։ Սա մի նախարար էր Ստահր գավառից, որ գալով միավորեց Պարսից զորքերը, որոնք լքեցին, հեռացան, մերժեցին ու անարգեցին պարթևների տերությունը և հաճույքով նախընտրեցին Սասանի որդի Արտաշիրի իշխանությունը։ Արդ՝ երբ այս մահվան գույժը հասավ Հայոց Խոսրով թագավորին, որը Պարսից տերության մեջ երկրորդն էր, քանզի նա, ո՛վ Հայոց թագավոր էր՝ Պարսից տերության մեջ երկրորդ [անձն] էր, թեպետև նա վաղուց էր բոթը լսել, [այնուհանդերձ] ոչինչ կարողացավ անել պատերազմի պատրաստության գործն ավարտելու համար։ Դրանից հետո նա դարձյալ պատահած դեպքերի համար մեծ տրտմության մեջ էր, քանզի որևէ գործ չկարողացավ անել։ [Ուստի] կատարվածի համար մեծապես տրտմելով՝ նորից անցավ, եկավ իր երկիրը։
19 Արդ՝ մյուս տարեմուտին Հայոց թագավոր Խոսրովը սկսեց բանակ կազմել և զորք գումարել։ Հավաքեց աղվանից ու վրաց զորքերը և բացեց Ալանաց ու Ճորա պահակի դռները, դուրս բերեց հոների զորքը, ասպատակ սփռեց Պարսից երկիրը և արշավեց Ասորեստանի կողմերը մինչև Տիզբոնի (Տիսբոն) դռները։ Ավարելով ամբողջ երկիրը՝ ավերեց շեն քաղաքներն ու բարեկարգ ավանները, ամբողջ շեն երկիրը թափուր ու ավերակ թողեց՝ [ջանալով] մեջտեղից ջնջել, կորցնել, քանդել ու հիմնահատակ անել և վերացնել Պարսից տերությունն ու կարգերը։ Միաժամանակ ուխտ դրեց մեծ քինախնդրությամբ վրեժ լուծել իրենց տոհմը իշխանությունից զրկելու համար։ Ջանում էր վրեժը լիովին լուծել, որովհետև մեծ քեն ուներ և ոխակալությունից վառվում էր։ Խիստ սպառնում էր՝ ապավինելով իր զորքի բազմությանը և հույսը դնելով նրա քաջության վրա։ Շուտափույթ օգնության հասան աղվանները, լփինները, ճիղբերը և կասպերը ժիր ու քաջ այրուձիու մեծ բազմությամբ և ուժեղ պատրաստությամբ, ինչպես նաև ուրիշներ այն կողմերից, որպեսզի Արտավանի արյան վրեժը լուծեն։
20 Քանզի թեպետ ինքը մեծ տրտմության մեջ էր իր հարազատ տոհմի, ազգակիցների համար, որոնք Ստահրացու հզորացող թագավորությանն էին հնազանդվել ու նրա իշխանության տակ մտել՝ համակերպվելով նրան, և, թեև Խոսրովը դեսպան էր ուղարկել իր տոհմակիցներին, որ իրեն օգնության գան, դեմ կանգնեն նրա թագավորությանը և քուշանների կողմերից ու իրենց բուն երկրից օգնության ձեռք մեկնեն քաջ ցեղերն ու ռազմիկ զորքերը՝ թիկունք լինելու, այնուամենայնիվ պարթևական տոհմերը, ազգապետները, նախարարներն ու նահապետները չանսացին նրան, որովհետև համաձայնել, համակերպվել և հնազանդվել էին Արտաշիրի տերությանը՝ փոխանակ իրենց ազգատոհմի տերությունը և եղբայրակցությունը [նախընտրելու]։
21 Սակայն Խոսրովն առավ իր զորքի բազմությունը և նրանց, որ այլևայլ տեղերից օգնության էին հասել պատերազմի գործում նիզակակից լինելու: Իսկ երբ Պարսից թագավորը տեսավ հավաքված զորքի այդ բազմությունը, որ մեծ ուժով եկել հասել էր իր դեմ, ինքը ևս նրանց դեմ ելավ պատերազմի պատրաստությամբ։ Բայց չկարողացավ դիմադրել և փախավ նրանց առջևից, իսկ [նրանք] հետապնդելով՝ կոտորեցին Պարսից ամբողջ զորքը և դաշտերի ու ճանապարհների վրա դիաթավալ սփռելով ու դաժանաբար կոտորելով՝ նրանց ահավոր հարվածներ հասցրին։ Հայոց թագավորը կոտորածից մեծ հաղթությամբ, բազում ավարով և ցնծալի ուրախությամբ վերադարձավ Հայոց կողմերը, Այրարատ գավառը, Վաղարշապատ քաղաքը՝ անհուն ուրախությամբ, բարի անվամբ և մեծ ավարով։
22 Ապա հրաման տվեց բոլոր կողմերը պատվիրակներ ուղարկել, հրովարտակներ հղել՝ հրամայելով յոթ մեհյանների բագիններին ուխտի գնալ, պաշտամունք կատարել աստվածների կուռքերին։ Իր Արշակունի տոհմի հայրենական պաշտամունքի վայրերը մեծարեց՝ նվիրաբերելով սպիտակ ցուլեր ու նոխազներ, ճերմակ ձիեր ու ջորիներ, ոսկեղեն ու արծաթեղեն զարդեր՝ փողփողուն ծոպերով, պսակներով ու շարաններով զարդարուն մետաքսե զգեստներ, ոսկի պսակներ ու արծաթե զոհարաններ, թանկագին քարերով լի գեղեցիկ անոթներ, ոսկի ու արծաթ, պայծառագույն հանդերձներ և գեղեցիկ զարդեր։ Մեկ հինգերորդ բաժին հանեց բերված հարուստ ավարից և մեծ պարգևներ շնորհեց քուրմերին, իսկ իր հետ եղած զորքին ընծաներ տվեց ու արձակեց։
23 Բ. Իսկ երբ եկավ մյուս տարին, չափազանց շատ զորք կուտակեց, գնդեր կազմեց, նույն զորքը կանչեց, այն զորքից էլ ավելի, ասպատակ սփռեց Ասորեստանի կողմերը, մանավանդ որ տաճկաց (արաբների) զորքը օգնության էր եկել, և ավարելով ամբողջ երկիրը՝ յուրաքանչյուրը քաջությամբ դարձավ իր տեղը։ Այսպես տասնմեկ տարի շարունակաբար ավարի մատնելով ավերեցին այն բոլոր երկրները, որոնք Պարսից թագավորության իշխանության ներքո էին։
24 Իսկ երբ Պարսից թագավորը տեսավ այս բոլոր չարիքները, որ նրա վրա հասան, նեղվեց, տառապեց, շփոթվեց, տարակուսեց, ինքն իր մեջ մոլորվեց։ Իր մոտ կանչեց տերության բոլոր թագավորներին, կուսակալներին, նախարարներին, զորավարներին, պետերին ու իշխաններին, և խորհրդի նստեցին։ Աղաչում էր ամենքին՝ որևէ հնար փնտրել գտնել, տեսակ-տեսակ պարգևներ էր խոստանում։ «Թերևս գտնվի մեկը, ասում էր նա, որ կարողանա վրեժը լուծել»։ Խոստանում էր շնորհել իր տերության երկրորդ գահը, եթե միայն որևէ մեկը կարողանար իր մեծ վրեժը լուծել։ «Միայն աթոռովս ես վեր կլինեմ նրանից [ասում էր], թեկուզ շատ անարգ մարդկանցից լինի, կամ թե պատվականներից»։ Խոստանում էր ամեն տեսակ պատիվներ, պարգևներ և վարձի հատուցում շնորհել:
25 Արդ՝ այս խորհրդի մեջ ոտքի ելավ Պարթևաց տերության մի գլխավոր նահապետ, որի անունն էր Անակ, մեջտեղ գալով խոստացավ վրեժ առնել իր ազգակիցներից՝ իբրև թշնամիներից։
26 Սկսեց նրա հետ խոսել [արքան] և ասաց. «Եթե միայն հավատարմաբար այդ վրեժը լուծես, ձեր պարթևական հայրենի իշխանությունը և պահլավական սեփական տիրույթները ձեզ կվերադարձնեմ, թագավորական թագ դնելով՝ կփառավորեմ քեզ, երևելի ու փառավոր կդարձնեմ իմ թագավորության մեջ, և իմ երկրորդը կլինես»։
27 Պատասխան տվեց Պարթևն ու ասաց. «Իմ ազգատոհմի մնացորդներին եթե ապրեցնես, ես և հարազատ եղբայրս այսօրվանից քեզ հրաժեշտ կտանք»։
28 Այն ժամանակ Պարթևն իր եղբոր հետ պատրաստվեց հանդերձ ընտանյոք. կանանցով, որդիներով, ամբողջ ունեցվածքով շարժվեցին, ճանապարհ ընկան և, զննելով ճանապարհները, ելան, գաղթելու պատրվակով գնացին Հայաստանի կողմերը, իբրև թե ապստամբել էին Պարսից արքայի դեմ։ Եկան հանդիպեցին Խոսրով թագավորին Ուտիք գավառի Խաղխաղ քաղաքում՝ Հայոց թագավորության ձմեռանոցում։
29 Հայոց թագավորը երբ տեսավ, ցնծությամբ ընդառաջ ելավ ու մեծ խնդությամբ ընդունեց նրան, մանավանդ, երբ սա կեղծավորությամբ ու դավով սկսեց խոսել նրա հետ և իր գալու հավատարմությունը ցույց տալ։ «Այն բանի համար եմ քեզ մոտ եկել,- ասաց նա,- որ կարողանանք միատեղ ընդհանուրի վրեժը լուծել»։
30 Արդ՝ երբ թագավորը տեսավ այս մարդուն, որ եկել էր իր մոտ ամբողջ ընտանիքով, վստահորեն հավատաց նրան։ Այնժամ նրան պատիվ տվեց ըստ թագավորական օրենքների, հանեց նստեցրեց իր թագավորության երկրորդ աթոռին և ձմեռվա ամբողջ ընթացքում՝ ցրտաշունչ, հողմաշունչ սառնամանիքի օրերը ուրախությամբ անցկացրին։
31 Իսկ երբ հասան ջերմ օրերը, հարավահողմ գարնան դռները բացվելու ժամանակը, հեռացավ թագավորը այդ կողմերից։ Եկան իջան Այրարատ գավառը, Վաղարշապատ քաղաքը։ Եվ մինչդեռ ուրախությամբ հանգստանում էին, թագավորը մտադրվելով՝ զորք կազմեց՝ նորից Պարսից կողմերը արշավելու նպատակով։
32 Երբ Պարթևն այս լսեց, հիշեց այն երդումը, որ տվել էր Պարսից արքային։ Հիշեց նաև պարգևների խոստումները և փափագեց իր բնիկ աշխարհը տեսնել, որը Պահլավ էր կոչվում, չար միտք հղացավ, իր հարազատ եղբոր հետ թագավորին մեկուսի մի կողմ տանելով՝ իբր թե զբոսանքի կամ նրա հետ խորհուրդ անելու նպատակով, և պողպատե սուսերները կես մերկացրած պահելով՝ հանկարծ անսպասելիորեն զենքերը բարձրացրին և թագավորին դիաթավալ անելով՝ գետին տապալեցին։ Իսկույն եղած իրողությանը իրազեկ դառնալով՝ ամբոխը աղաղակով գույժ բարձրացրեց. մինչ այս, մինչ այն՝ նրանցից յուրաքանչյուրն իր երիվարը նստելով՝ փախուստի դիմեց։
33 Հայակույտ զորքի մեծամեծները, երբ այս իմացան, գունդ-գունդ բաժանվեցին ու հետապնդեցին։ Ոմանք ցամաքով աճապարեցին՝ հասնելու Արտաշատ քաղաքի դռների մոտակա կամուրջի գլուխը։ Երասխ գետը հորդացած գալիս էր ափեափ լեցուն, սառնահալ, ջրակուտակ, ձյունախառն, ելման ջրերով իր վարարման շրջանում: Նրանց մի մասն անցավ Վաղարշապատ քաղաքի կամրջով, որը կոչվում է նաև Մեծամորի կամուրջ։ Աճապարում էին որքան կարելի է շուտ հասնել Արտաշատի կամուրջի գլուխը։ Ճանապարհների կիրճերում կանգնեցրին նրանց և շրջապատելով՝ Տափերական կամրջի մոտ գետավեժ արեցին։ Իսկ իրենք այնտեղից դարձան վայով, ճիչով ու ողբով, և ամբողջ երկիրը հավաքված՝ թագավորին էր սգում։
34 Եվ քանի դեռ ջերմ շունչը նրա կրծքից չէր հեռացել, և չէր հասել վախճանը, [թագավորը] հրաման տվեց ոչնչացնել նրանց ազգատոհմը։ Այնժամ սկսեցին սպանել ու կոտորել, մինչև իսկ չթողեցին մանուկներից այնպիսին, որը բնավ աջն ու ձախը չգիտեր։ Նաև տոհմի իգական մասը սրի քաշեցին։ Միայն Պարթևի որդիներից երկու փոքրիկ մանուկների մի մարդ [երեխաներից] մեկի դայակների միջոցով փրկեց, որոնցից մեկին փախցրին Պարսից կողմերը, իսկ մյուսին՝ Հունաց։
35 Գ. Երբ Պարսից թագավորը այս ամենը լսեց՝ զվարճացավ, զվարթացավ, այն օրը ուրախության մեծ տոն արեց և ատրուշաններին շատ զոհ մատուցեց։ Զորք հավաքեց, շարժվեց գնաց, ասպատակ սփռեց Հայաստանի կողմերը, խոսունն ու անասունը, ծերն ու տղան, երիտասարդն ու մանուկը ընդհանրապես գերի տարավ։
36 Այդ ժամանակ մի մԱրդ՝ ավազակից ազատելով, փրկում է Հայոց Խոսրով թագավորի որդիներից Տրդատ անունով մի փոքրիկ մանկան, [որին] դայակներն առնելով փախցրին կայսեր արքունիքը, Հունաց կողմերը։ Իսկ Պարսից արքան, գալով այնուհետև Հայաստան, իր անվամբ կոչեց այդ վայրերը և Հունաց զորքը փախուստի մատնելով՝ հալածեց մինչև Հունաց սահմանները։ Փոսեր փորելով՝ սահմաններ հաստատեց և տեղի անունը դրեց Փոսից դրունք այն վայրերում, որոնք կոչվում էին Սույզն։ Մնացած բնակիչներին տեղահանեց և երկրին տիրացավ։
37 Արդ՝ Տրդատը գնաց Լիկիանես անունով մի կոմսի մոտ, դաստիարակություն և ուսում ստացավ, իսկ Պարթևի որդին, որը Հունաց կողմերն էր տարվել, մեծացավ և ուսում ստացավ Կապադովկիայի Կեսարիա քաղաքում։ [Մի ոմն] տեր կանգնելով՝ դայակների միջոցով նրան դաստիարակեց Քրիստոսի երկյուղով, և նա ուսանելով քրիստոնեական դպրության հանգամանքները՝ ընտելացավ Աստվածաշնչին, ճանաչեց Տիրոջ երկյուղը. նրա անունն էր Գրիգոր (Գրիգորիոս)։ Երբ դայակներից տեղեկացավ իր հոր կատարած գործերի մասին, ելավ ու գնաց Տրդատին (Տրդատիոս) կամավոր ծառայելու։ Թաքցրեց իր անձը և ոչինչ չէր հայտնում, թե ում համար, կամ որտեղից, կամ ինչպես էր [հայտնվել], և իր անձը ծառայության տալով՝ հնազանդությամբ սպասարկում էր նրան։
38 Այդ ժամանակներում Հունաց իշխանը հալածում էր Աստուծո Եկեղեցին։ Իսկ երբ Տրդատը զգաց, թե Գրիգորը հաղորդակից է քրիստոնեական պաշտամունքին, այնուհետև սկսեց պատուհասել և տեսակ-տեսակ արհավիրքներ էր պատճառում նրան։ Շատ անգամ բանտերով, կապանքներով ու տանջանքներով նեղում էր, որպեսզի թողներ Քրիստոսի երկրպագությունը և ենթարկվեր սնոտի աստվածներին ու պղծության պաշտամունքին։
39 Դ. Այդ օրերում գոթերի իշխանը զորաժողով արեց և բազում զորք կուտակելով՝ եկավ պատերազմելու Հունաց իշխանի դեմ։ Այսօրինակ պատգամ հղեց թե՝ «Ինչո՞ւ ենք անմտորեն ելնում պատերազմի, մեր զորքը սպառում և միաժամանակ երկրին վտանգ ու տագնապ հասցնում։ Ահավասիկ, ես քո դեմ եմ դուրս գալիս իբրև ախոյան մեր զորքի միջից, և դու էլ իմ դեմ՝ հունական կողմից։ Գնանք-հասնենք մարտի վայրը, և եթե ես քեզ հաղթեմ, հույներն ինձ կհնազանդվեն, իսկ եթե դու ինձ հաղթես, մեր կյանքը քեզ կպատկանի, ու կհնազանդվենք քեզ և առանց արյան, ու կոտորածի երկու կողմերի համար էլ խաղաղություն կլինի»։
40 Երբ Հունաց թագավորը այս ամենը լսեց՝ վախեցավ, որովհետև չէր կարող հանձն առնել օրինավոր պատրաստությամբ գունդ առ գունդ ճակատել և ոչ էլ կարող էր սույն պատգամի պահանջին համաձայնել, քանի որ տկար ոսկորներ ուներ և ահաբեկվելով՝ զարհուրեց ու չգիտեր ինչ պատասխան տալ այդ խոսքերին։